ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայ հանրահավա՜ք, հայ պաշտոնյա՜, հայ «կնի՜կ»...

Հայ հանրահավա՜ք, հայ պաշտոնյա՜, հայ «կնի՜կ»...
03.03.2009 | 00:00

ՄԱՐՏԻ 1
Օպերային հարակից Եզնիկ Կողբացի փողոցով դեպ Մատենադարան միտինգ էր գնում տղամարդկանց մի խումբ, հարցրինք` որտեղի՞ց եք, ասին` Մասիսից: «Ճամփեքը բա՞ց էին»: «Քուրիկ ջան, դու քո ասածին հավատո՞ւմ ես, Մասիսից դուս ենք ելե երկու ավտոբուսով, լուսադեմին` ժամը 5-ին, ու դաշտերով քշելով եկել ենք Էրևան»: «Բա էսքան ժամանակ ի՞նչ էիք անում «Էրևանում»: «Ավտոբուսի մեջ նստած սպասում ինք` միտինգի ժամ գա»: ՈՒ հենց այդ պահին Կողբացու ողջ փողոցը բռնեց ՀՀ ոստիկանապետ ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ` յուր «սվիտայով». Հունանյան Հովիկն էր, Թամամյան Հովհաննեսը, դե, նա, ով մի քանի ամիս առաջ «առաջ եկավ» ու ասաց, որ մարտի մեկի հրամանն ինքն է տվել: Առավոտվա: Հետո «խաբար» չի: Պարոն Թամամյանը նույնքան աշխույժ, գրեթե հունանյանաբար, չէ՛, ոնց որ լավ չստացվեց, մատրոսովաբար, աջ ու ձախ տալով, փորձում էր յուր հարազատ շեֆին պաշտպանած լինել սպասվելիք լրագրողական հարցերից: Ավա՜ղ:
«ԻՆՔՍ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՀԵՆՑ ԵԿԵՂԵՑՈՒՑ ՍԿՍԵԼ ԵՄ, ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՆ ԵՄ ՀԱՐԳԵԼ»
ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ (ՀՀ ոստիկանապետ)

-Միտինգի օրով, միտինգի ժամին հայոց ոստիկանապետն անձա՞մբ է շրջում «Էրևանով»,- դիմեցի պարոն Սարգսյանին։
-Անձա՛մբ: Շրջում եմ, որ ամեն ինչ նորմալ լինի, որ համոզվեմ, որ տեսնեմ` ամեն ինչ լավ է, ծառայությունը նորմալ կատարվում է:
-Բա ինչո՞ւ եք մերձօպերայի էս փողոցով շրջում, միտինգը Մատենադարանի մոտ է, պարոն Սարգսյան, ասում են` հոգին լինում է այնտեղ, որտեղ «սիրում» է:
-Այս պահին ինձ ամենից շատ իմ ստորաբաժանումներն են հետաքրքրում, ես իմ ստորաբաժանումներն եմ նայում։ Ժողովրդի տրամադրությունը ես գիտեմ, անհանգստանալու ոչինչ չկա, ես իմ խոսքն ասացի. թող հանգիստ գան, մասնակցեն, լսեն-գնան. խնդիր չկա:
-Իսկ ամեն անգա՞մ եք միտինգներից առաջ, էսպես` քաղաքացիական շորերով, մասնակցում միտինգին, դե` նկատի ունեմ, Ձեր պրոֆիլակտիկ այս շրջայցը:
-Չէ՛, ամեն անգամ չէ:
-Բա ինչո՞ւ այսօր:
-Դե, էս անգամ, չգիտեմ ինչի, ուզեցի, քանի որ հիշատակի օր է, մարտի մեկ է, գարնան առաջին օրն է, ուզեցի ժողովրդի հետ էլ հանդիպել:
-Քիչ առաջ ասիք` «իմ ստորաբաժանումներն եմ ստուգում»։ Լավ, էական չէ. կմոտենա՞ք Մատենադարանի հարթակին:
-Չէ՛, հարթակին չեմ մոտենա, զուտ այն պատճառով, որ առիթն ու կարիքը չեմ տեսնում, դրա համար, թե չէ` հարթակին էլ կարող էի մոտենալ, խնդիր չկա, բայց հարթակի թեման այս պահին չենք քննարկում:
-Պարոն Սարգսյան, մի քիչ շատ չե՞ն ոստիկանները (Կողբացի փողոցում, խուլ ու համրերի մշակույթի պալատին կից, կանգնած էր երեք «Պազիկ»` մեջը լիքը ոստիկաններ- հեղ.):
-Չէ՛, չեմ գտնում, որ շատ են, որովհետև էն, ինչ որ տեսանք անցած մարտի մեկին, էս մարտի մեկը բացառելու նպատակով` շատ երբեք մի ասեք. ոստիկանը շատ չի լինում: Ոստիկաններն այնքան են, որքան անհրաժեշտ են Երևան քաղաքում:
-Ներեցեք, մարտի մեկի «ի՞նչը» բացառելու:
-Որպեսզի մասսայական անկարգություն, սադրանք չլինի քաղաքում:
-«Պարզ» է: Իսկ ինչպե՞ս եք անցկացրել մարտի մեկը, որպես հիշատակի օր:
-Ինքս առավոտյան հենց եկեղեցուց սկսել եմ, զոհերի հիշատակն եմ հարգել, որպես հայ մարդ` մոմ վառել, աղոթել զոհերի հոգու համար:
-Իսկ ընդդիմադիր լիդերների հետ առավոտյան և հետո բանակցել-պայմանավորվել, երկխոսե՞լ եք` երկուստեք միջադեպերը բացառելու շուրջ:
-Չէ՛, բանակցելու խնդիր չկա, ամեն ինչ հասկանալի է, ի՞նչ բանակցենք: Եթե հարց լինի, իրենք կասեն` ինչ են ուզում, ես գիտեմ` իրենց պահանջը որն է, իրենք էլ շատ լավ գիտեն` ոստիկանության պահանջը որն է, ու բանակցելու կարիք չկա:
-Էլի նախարարներ-վարչարարնե՞ր են այսօր «ոտքի վրա», թե՞ միայն Դուք եք` էսպես` «անգյուման»:
-Չէ՛, մենակ ես եմ, մյուս նախարարները թող զբաղվեն իրենց գործերով, որովհետև էսօրը մեզ է վերաբերում:
Օրը, իրոք, ոստիկաններին էր «վերաբերում». Ֆրանսիական հրապարակում երկու ջրցան, մեկ փշալարի, երկու «ցույցահավաք-մարդահավաք»` մե՜ծ և մի հազար «միգալկայով» ոստիկանական մեքենաներ էին կանգնած, իսկ «պոնչիկանոցի» մոտից հայրենի ոստիկանները «ցեպ» տված կանգնած էին հաստ շերտով: Մարդկանց մի մասն էլ մայթերի վրա էր:
Ոստիկաններից երկու մետր դեպ Մատենադարան, մեկ էլ ու` մանկական սայլակ տեսա, մեջը` նորածին, մյուս երեխան` մոտ երկու տարեկան, մանկասայլակի բռնակին համարյա կապած, երիտասարդ, բավականին բարետես մոր ձեռքից բռնած. սայլակի գլխամասում երիտասարդ հայրն էր, սայլակի կողքին՝ մասամբ հաշմանդամ երիտասարդ ևս մի կին: Առաջին պահին թվաց, թե խցանվել-մնացել են շարքերում:
«ԵԿԵԼ ԵՆՔ ՄԻՏԻՆԳ ԵՎ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ»

-Եկել եք միտի՞նգ,- հարցս ուղղեցի երիտասարդ մորը:
-Այո, անշուշտ:
-Հազար ներողություն, կներկայանա՞ք:
-Երկու երեխաների մայր:
-Չէ, իսկապե՞ս միտինգ եք եկել երեխաների հետ:
-Եկել ենք միտինգ և մինչև վերջ պայքարելու ենք` ամուսնով, երկու երեխաներով, զարմուհու հետ միասին:
-Ես էլ` երրորդ երեխան,- ասաց սայլակի մյուս կողքը կանգնած զարմուհին:
-Բա տագնապ չունե՞ք, որ երեխաներ են, միտինգ է, վերջը...
-ՈՒնենք: Բայց ցանկացած ծնող եթե մտածի, որ իր երեխան ավելի վատ վիճակում է լինելու ապագայում, պիտի երեխաներին բերի, այստեղ կանգնեցնի:
-Բայց, ախր, այս մի երեխան ընդհանրապես պստիկ է:
-Այո, վեց ամսական է:
-Աստվա՜ծ իմ:
-Այո:
-Բայց, ախր, մեկ էլ տեսար` «դավկա» եղավ, եսիմ` ի՞նչ... ախր:
-Դե, պիտի աշխատենք ամեն ինչ լավ լինի, բայց ի՞նչ ասեմ` մենք ամեն ինչի պատրաստ ենք:
-Մի՞շտ եք գալիս միտինգ:
-Միշտ: Առաջին օրվանից կանգնած ենք: Նույնիսկ հղի ժամանակվանից: Էս փոքրս էն ժամանակ, կարելի է ասել, մահից է պրծել:
-Մարտի մեկի՞ն:
-Այո:
-Գիշերն էնտե՞ղ էիք:
-Գիշերը չէ, բայց վաղ առավոտյան, երբ լուրն առանք, անմիջապես եկանք, իսկ էստեղ դեռ քաշքշուկը շարունակվում էր, ու մեզ քաշքշում էին:
-Ի՞նչ եք դրել Ձեր որդու անունը:
-Հրակ:
-Այսի՞նքն:
-Այսինքն` փոքրիկ հուր, կրակ:
-Մասնագիտությամբ ի՞նչ եք:
-Երգչուհի:
«ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՉԻ ՍՏԵՂԾԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ԽՈՒՑԻ ՄԵՋ ՄՏՆԵՆՔ ՈՒ ՉՏԵՍՆԵՆՔ, ԹԵ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ»։
-Դուք իր ամուսի՞նն եք:
-Այո, ամուսինն եմ, եկեղեցու սարկավագ:
-Ո՞ր եկեղեցու:
-Սուրբ Կաթողիկե Աստվածածնի:
-Սարկավա՜գ եք: Ինչ հետաքրքիր է: Եվ ամեն անգամ գալիս, էսպես կանգնում եք ժողովրդի կողքի՞ն:
-Այո:
-Երևանի՞ց եք:
-Ես Ամերիկայից եմ:
-Քանի՞ տարի է էստեղ եք:
-ՈՒթ:
-Ի՞նչն է Ձեզ բերում Մատենադարան, օպերա:
-ՈՒզում եմ՝ երկիրը լավը լինի:
-Ի՞նչը Ձեզ չի բավարարում, ի վերջո, մենք` հավատացյալներս, որքան էլ որոնենք, փնտրենք, պատասխաններն Աստծո մեջ են:
-Դե, Աստված մեզ չի ստեղծել, որպեսզի խուցի մեջ մտնենք ու չտեսնենք, թե աշխարհում ինչ է կատարվում: 24 ժամ չենք աղոթում, նաև պետք է գործենք:
-Հուսամ` եկեղեցին արգելանք չի դնում Ձեր ազատ լինելու պարագայի առումով:
-Չէ՛, չի դրել:
-Դուք է՞լ եք կարծում, որ պետք է երեխաներով, զարմուհով գալ ու կանգնել այստեղ:
-Այո, մենք նախօրոք զրուցեցինք բոլորով և համաձայնեցինք, որ պետք է էս պայքարն ընտանյոք հանդերձ առաջ քաշենք:
-Իսկ եթե հանկարծ այս պայքարը հաջողություն չունենա, շա՞տ կհուսահատվեք:
-Կհուսահատվենք, բայց կշարունակենք պայքարել:
Ճեպազրույցները՝ Կարմեն ԴԱՎԹՅԱԻ

Դիտվել է՝ 2046

Մեկնաբանություններ